Եթե ընդդիմադիրներն ասում են՝ պետք է ուժով բացել, ուրեմն պետք չէ այդպես անել․ Եղոյան (տեսանյութ)
ՔՊ-ական Արման Եղոյանը չի ուզում գնահատականներ տալ Ռուսաստանի հայտարարությանը՝ կապված ադրբեջանցի «բնապահպանների» հանքավայր շարժվելու կարգի հետ։
«Դա իրենց դիրքորոշումն է, եկեք ես գնահատականներ չտամ»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Նա նաև չցանկացավ մեկնաբանել այն տեսակետը, թե ճանապարհը պետք է բացվի ուժով։ Դիտարկմանը, թե այս տեսակետին համաձայն են ընդդիմադիրները, Եղոյանը կտրուկ արձագանքեց․ «Եթե ընդդիմադիրներն ասում են՝ պետք է ուժով բացել, ուրեմն պետք չէ այդպես անել»։
Նա նկատեց, որ ընդհանուր առմամբ, այստեղ ոչ թե ուժի, այլ քաղաքականության հարց է։
«Մեկ խոսքը կարող էր բավարար լինել ճանապարհը բացելու համար, և հակառակը՝ լռությունը կարող է փակ պահել ճանապարհը»,- ասաց Եղոյանը։
Նա խուսափեց ժամանակացույց նշել, թե երբ կբացվի ճանապարհը։ Եղոյանը նկատում է, որ մինչև Նոր տարի ճանապարհը բացելու հավանականությունը կա, բայց նույնքան էլ այն չբացելու հավանականություն կա։
«Հավանականությունը, խնդրում եմ, մեծ տառերով կգրեք»,- ասաց նա։