Այդ ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք. ՔՊ-ական պատգամավորը՝ ՀԱՊԿ-ի հնարավոր օգնության մասին
ՀՀ վարչապետը ՀԱՊԿ-ի փաստաթուղթը չի ստորագրել, քանի որ այնտեղ գնահատական չի տրվել Ադրբեջանի օկուպացիոն գործողություններին, չի նշվել, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ստորագրեր Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ՀԱՊԿ-ի փաստաթուղթը:
«Չեմ կարող ասել՝ ինչ տեսքով օգնություն պետք է տրամադրվեր ՀԱՊԿ-ից, ինչ են նկատի ունեցել, բայց ինչ օգնության մասին կարող է լինել խոսքը, եթե գնահատական չի տրվում Ադրբեջանի գործողություններին: Հետևաբար, օգնությունը տալիս են, որ ի՞նչ անենք: Ում դեմ պայքարենք և ինչ հարց լուծենք: Այդ ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք: Ես վստահություն չունեմ, որ զենք պետք է տային, գուցե հումանիտար օգնություն»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը այո, զենքի կարիք շատ ունի և այդ ուղղությամբ քայլեր է իրականացնում, այդ թվում Ռուսաստանի հետ. «Անկախ նրանից՝ Զասն ինչ է հայտարարում, եթե այն պայմանագրերը, որոնք կան, իրականություն դառնան, դա արդեն ՀՀ-ի համար մեծ ձեռքբերում կլինի: Կրկնեմ՝ վստահ չեմ, որ ռեալ ռազմական օգնություն պետք է լիներ»: