Ռուբեն Վարդանյանը խոսել է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու մասին
Արցախում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
«Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը: Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը»,- ասված է հաղորդագրությունում։
Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի վերաբերյալ։ Մասնավորապես զեկուցվել է, որ Արցախում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին: