«Ողորմածիկ տատս ասում էր՝ բալամ, թշնամիներին մի ուրախացրեք»․ ՔՊ-ական պատգամավորը շնորհավորեց ու ծափահարեց ընդդիմությանը (տեսանյութ)
Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը շնորհավորեց ընդդիմությանը։ Նա հիշեց իր «ողորմածիկ» տատին։
«Ողորմածիկ տատս, երբ մենք երեխեքով կռվում էինք, ասում էր՝ բալամ, թշնամիներին մի ուրախացրեք։ Ես ձեզ այսօր շնորհավորում եմ»,- ծափահարելով ասաց ՔՊ-ական պատգամավորը և հավելեց․ «Դուք այսօր կատարեցիք ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի մեծագույն երազանքներից մեկը։ Որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրված է լինելու՝ հայերն իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա, սաղ տոչնի ա, միստր պրեզիդենտ։ Այ էդ եք անում դուք։ Հին բարին ու լավը չեմ, որ սրա մասին չխոսեմ։ Ուզում եք նեղացեք, ուզում եք...»։
Պատգամավորը հորդորեց չընդհատել իրեն։
«Ես իմ բոլոր անձնագրերը կպատճենահանեմ, կտեսնեք, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել»,- ասաց նա։
ՔՊ-ականը հարց ուղղեց ընդդիմադիրներին, թե ինչու ամիսներով գործի չեն գալիս։
«Որ ձեզ կանչում են՝ ինչի՞ չէիք գալիս»,- ասաց նա։
Նա նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մեղավորները բոլորն են։
«Մեղադրեք իշխանությանը։ Այո, մեղավոր ենք, սաղս էլ մեղավոր ենք։ Մեկը լինի ձեզ հարցնի՝ 30 տարի Արցախի ճանաչման հարց խի չէի՞ք դրել։ Դնեիք»,- ասաց նա։
Նիստերի դահլիճում, ընդդիմության կողմից, ձայներ լսվեցի։
ՔՊ-ականը բորբոքվեց․ «Կխոսեմ այնքան, ինչքան կուզեմ։ ԱԺ նախագահողը կարող է ասել, որ դադարեմ»,- ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրեց․ «Ավարտեք, Պարոն Վարդանյան»,- ասաց նա։