Հայկական Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև տարածաշրջանի կայունության երաշխիքն է. Քրիստինե Վարդանյան
Հայկական կողմի հաղթանակից հետո տարածաշրջանում եղավ տևական խաղաղություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հայաստանն ու Արցախը ոչ միայն չունեցան որևէ ծավալապաշտական նկրտում, այլ ամեն ինչ արեցին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և խաղաղ գոյակցության համար:
Հայկական կողմը դժվարին իրավիճակներում կարողացավ պահպանել չեզոքություն, հաղթանակից արբեցած չգերագնահատեց սեփական ուժերը և չներգրավեց նորանոր կոնֆլիկտներում: Այս ամենով ևս մեկ անգամ ապացուցվեց Արցախյան պայքարի գոյաբանական, ոչ թե զավթողական լինելը:
Աշխարհում ամենախաղաղասեր ժողովուրդները կյանքի համար պայքարողներն են, և հակառակը` զավթիչներ են մշտական կոնֆլիկներ ստեղծողներն ու նոր պատերազմներ հրահրողները:
Ուրեմն`
հայկական Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև տարածաշրջանի կայունության երաշխիքն է:
իսկապես` «խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն առանց դրա»»: