Արցախի կենսական ճանապարհը փակ է, և շարունակում են հումանիտար լրջագույն խնդիրներ առաջանալ. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
«Արցախի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ունեն միասնական տեսակետ, այն է՝ Արցախը որևէ դեպքում չի զիջվելու»: Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ Արցախի կենսական ճանապարհը փակ է, և շարունակում են հումանիտար լրջագույն խնդիրներ առաջանալ։
«Արդեն մանկական կերի խնդիր ունենք, երեխաները կաթ չունեն, տակդիր չունեն, այսինքն՝ այնպիսի առաջնահերթ ապրանքների սղություն կա այս պահին, որ վայրկյան առաջ լուծում է պահանջում»,-ասաց պատգամավորը։
Թովմասյանը նշեց նաև, որ մի քանի օր է՝ դիզվառելիքի խնդիր կա, արդեն նաև սննդամթերքի պակասուրդ կա, հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ Արցախում, միակ լավ նորությունը գազամատակարարման վերականգնումն է, որը ևս հարցի լուծում չէ։
«Ես կարծում եմ, որ մեր գործողությունները՝ որպես Հայաստանի Հանրապետություն, պետք է միտված լինեն նրան, որ կարողանանք կրկնությունը բացառել։ Այսինքն՝ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանները հնարավոր է հաջորդիվ փոխարինվեն այլ ակցիա իրականացնողների և պարբերաբար փակեն Արցախի ճանապարհը»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը։