Շրջափակում՝ շրջափակման մեջ. Շուշիի գյուղերը կտրված են Ստեփանակերտից (տեսանյութ)
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով Բերդաձորի շրջանի գյուղերի կապը մայրաքաղաքի հետ արդեն երրորդն օրն է՝ կտրված է, սակայն դա չի վհատեցնում բերդաձորցիներին:
«Ամեն ինչ նորմալ է, սովորական առօրյայով մարդիկ աշխատում են, ապրում են: Մեր գազամատակարարումը մինչև այս վերջին հանգամանքները էլի չի եղել: Երբ ժամանակին վնասվել է խողովակաշարը, մինչև հիմա վերականգնված չի»,-նշել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը:
Թեև Բերդաձորի կապը Ստեփանակերտի հետ ընդհատված է, սակայն կապը Հայաստանի հետ անխափան է:
Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ դեպի Արցախ գնացող և կես ճանապարհին մնացած անձանց իրենք ժամանակավոր կացարան են տրամադրել տարբեր տներում. «Մենակ երեք հոգի ես եմ պահում իմ տանը, մինչև տեսնենք՝ այս հարցը ոնց է կարգավորվում: Ինձ թվում է՝ դեռ մեկ ամիս կդիմանանք, խնդիր կարող է միայն դեղորայքի հետ կապված ի հայտ գա»,-ասաց նա:
Եվս 30 արցախիներ, որոնք մնացել են ճանապարհին, հյուրընկալվել են Հին Շենում: Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը նշում է, որ սննդի առումով դեռ կդիմակայեն, խնդիր է առաջանալու միայն հացի, ալյուրի, դեղորայքի առումով: