Արցախն իսկապես գոյաբանական վտանգների է առերեսվում, առանց ռուս խաղաղապահ առաքելության, չկա Արցախի անվտանգություն․ Դավիթ Բաբայան
Մենք պետք է մի բան հասկանանք, որ Արցախն իսկապես գոյաբանական վտանգների է առերեսվում և այստեղ արևմտամետ-ռուսամետ հարցերը պիտի դնենք մի կողմ, ամենակարևորը՝ մենք պետք է լինենք իմաստուն, եթե հնարավորություն կա բոլորի հետ լավ լինենք, պարտավոր ենք լավ լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Իսկապես, առանց ռուս խաղաղապահ առաքելության, չկա Արցախի անվտանգություն, սա ի սկզբանե եմ ասում, հասկանում եմ ենթատեքստերը։ Ռուս խաղաղապահները խաղաղապահ են, նույն մանդատը չունեն, ինչ ունեցել են Կոսովոյում, Բոսնիայում և այլն, այսինքն՝ պատժիչ բաղադրիչ չունի։ Կանգնած են 2-3 խաղաղապահ, որոնց ներկայությունն արդեն իսկ կայունության գրավական է, եթե կողմերը հետևում են քաղաքակիրթ նորմերին։ Եթե կողմերից մեկն ահաբեկչություն և ատելությունն իր պետական քաղաքականության հիմքում է դնում, նույն խաղաղապահները հայտնվում են ծանր վիճակում։ Այդ ճանապարհը լրիվությամբ անցնում է Ադրբեջանի օկուպացրած տարածքով։ Կան ռուս խաղաղապահներ՝ մի քանի հոգի, գալիս է մի ամբոխ՝ կանանցով, երեխաներով և ներխուժում է այդ տարածք։ Հիմա դուք եք խաղաղապահների տեղը, ի՞նչ եք անելու։ Դրա համար ենք մենք ասում, որ մանդատը պետք է երկարաձգվի, քանակը՝ շատանա և միջազգային հանրության կողմից ստանան համապատախան լիազորություններ»։