«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահերթ նիստ հրավիրելու որոշմամբ են հանդես եկել (տեսանյութ)
Ադրբեջանցի «բնապահպաններ» գոյություն չունեն, դա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ուղիղ սադրանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Ըստ Սաղաթելյանի՝ Ադրբեջանի այս քայլն ուղղված է ռուս խաղաղապահների դեմ, ինչպես նաև՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերն իրականացնելու համար:
«Մենք որևէ պարագայում չպետք է սա թույլ տանք, բայց Հայաստանի իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկեն և հրաժարվեն իրենց վարած քաղաքականությունից:
Հայաստանը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը, պետք է շատ հստակ հայտարարի, որ ինքը Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորն է, բայց Հայաստանը հրաժարվում է սրանից: Ստեղծված իրավիճակում ՀՀ ազգային ժողովը հրատապ կարգով պետք է հրավիրի արտահերթ նիստ, հանդես գա ԱԺ հայտարարությամբ»,-ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունից 4 պատգամավոր գնացել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։
Մանրամասները՝ տեսանյութում: