Երևանում թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնի
Վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Zhong Tong մակնիշի ավտոբուսը Բաղրամյան պողոտայի 21 հասցեի դիմաց՝ «Հայփոստ»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17-ամյա Վահան Գ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Խաչատուր Միրզաջանյանը։ Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մարգար Միրզոյանի գխավորությամբ։
Վրաերթի փաստով Մ. Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։