Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել մերժել Ադրբեջանի ապակայունացման փորձերը
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, շեշտելով, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994թ. զինդադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում` Հայաստանի և ԼՂ քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Աճում են ԼՂ հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել է աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի, խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015թ․ սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: Ուստի, Հայաստանը կրկին անգամ կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը:
Իր խոսքի ավարտին ՀՀ դեսպանը ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը` հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է: «Հայաստանը բարձ է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի և նրա Գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել` ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը», – ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը: