Պեմզաշենում շուրջօրյա հսկողություն են իրականացնում․ սպանված 12-ամյա Կարինեի ծննդյան օրը հայրը փորձել է վրեժ լուծել ոճրագործից
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, օրերս փորձել էր վրեժ լուծել ոճրագործության մեջ կասկածվող տղամարդու ընտանիքից։
Ինչպես Aravot.am-ն էր գրել, Սևակ Մելիքսեթյանը դեկտեմբերի 7-ի գիշերը փորձել է կացնով կոտրել ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար, սակայն իրավապահներին հաջողվել է կանխել։
Ուղիղ 1 ամիս անց ոստիկանները դեռ Պեմզաշենում շուրջօրյա հսկողություն են իրականացնում:
«Ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Մենք գյուղի վերջում ենք ապրում, ամբողջ գիշեր պարեկների մեքենաների լույսերը պատուհանից երևում են, շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Նրանց մի մասը ոճրագործության մեջ կասկածվողների տների մոտ են հերթապահություն իրականացնում, մյուս մասն էլ գյուղում շրջում է».- 168.am-ի հետ զրուցել է «Պեմզաշենի առողջության կենտրոնի» տնօրեն Վարդուհի Խաչատրյանը: