Կենդանաբանական այգում երկու մասի է բաժանվում վագրերի վանդակը
Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վագրերի ազատավանդակը երկու մասի բաժանելու շինաշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է այգու Ֆեյսբուքի էջը։
«Ուշադիր այցելուները նկատած կլինեն, որ վագրերի ազատավանդակում գտնվում է միայն մեկ վագր։ Ի տարբերություն առյուծների, որոնք ապրում են ընտանիքներով, վագրերը մենակյաց են և խմբերով պահելու դեպքում կարող են միմյանց վնասել։
Այդ իսկ պատճառով վագրերի ազատավանդակը բաժանվում է երկու մասի, ինչը հնարավորություն կտա ցուցադրել երկու վագրերին միաժամանակ։ Դա կարևոր է նաև վագրերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվել ազատավանդակից և ջրավազաններից առանց սահմանափակումների։
Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ»,- ասվում է հայտարարության մեջ: