Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները. Վաշինգտոնում բանակցությունների սենյակում ամերիկյան կողմն էլ է ներկա եղել. Արմեն Գրիգորյան
Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ ԱԺ–ում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման շուրջ պայմանավորվածություն չի եղել։
«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,–ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։