2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան
Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը, ավելանում է քիչ էլ չէ՝ 200 միլիոն դոլարով»,-ասաց նա՝ հավելելով, որ 2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը:
«Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»,-ասաց նա:
Ըստ Ավետիսյանի` այս ամենը վտանգավոր է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարելի:
«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա։ Չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: