Պարադոքս է. ասում էիք փող շատ-շատ կա. ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, եթե փող կա. հիմա բացատրեք՝ փող կա՞, թե՞ չկա. Արթուր Խաչատրյան
Կատաստրոֆիկ վիճակ է: Այսպես գնահատեց Հայաստանի տնտեսական վիճակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Ազգային ժողովում «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:
Դիմելով հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին՝ պատգամավորն ասաց. «Դուք ձեր ելույթում նշեցիք, որ վարկը վերցվում է բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով, ավելի կենցաղային լեզվով ասած, որովհետև փող չկա, եթե փող լիներ, այս պարտքը չէինք վերցնի։
Հիմա պարադոքս է առաջանում, որովհետև բազմաթիվ անգամներ լսել ենք փող շատ կա արտահայտությունը։ Հիմա խնդրում եմ ինձ բացատարեք՝ փող չկա, դրա համար պարտք ենք վերցնո՞ւմ, թե՞ փող շատ կա»,-հարցրեց պատգամավորը:
Նա նաև հիշեցրեց, որ մի երկու տարի առաջ կառավարությունը մեծ ոգևորությամբ խոսում էր եվրոպական 5 միլիարդի մասին. «Ի՞նչ եղավ, ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա»։