Շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում. սա ԴՆԹ մակարդակի խնդիր է. Փաշինյան (տեսանյութ)
Շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, անընդհատ տեսնում ենք, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում:
«Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք», - այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շինհրապարակների բարեկարգման հետ կապված հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ «սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»:
«ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանենք ու հետևողական լինենք այս ստանդարտների իրականացման առումով», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ` շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում կնախատեսվեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: