Սերբիայի նախագահը հայտարարել է Կոսովոյի ոստիկանության նահանջի մասին
Կոսովոյի չճանաչված ոստիկանության հատուկ ջոկատայինները նահանջել են նահանգի սերբաբնակ հյուսիսային հատվածից երեքշաբթի օրը սերբ բնակչության հետ բախումներից հետո, Տիրանայում ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Հարձակումները տեղի են ունեցել Զուբին Պոտոկում և Կոսովսկա Միտրովիցայում։ Հիմա այնտեղ խաղաղ է, սպասում եմ Կոսովսկա Միտրովիցայի կլինիկական կենտրոնից հաղորդագրության։ Բրյուսելյան պայմանավորվածությունների համաձայն՝ Կոսովոյի ոստիկանները տարածաշրջանի հյուսիս կարող են մտնել միայն չորս քաղաքապետերի համաձայնությամբ, նրանք չորս քաղաքապետերից ոչ մեկին չեն դիմել։ Մինչ ասուլիսը տեղեկություն ստացա, որ այնտեղ խաղաղ է, հուսով եմ, որ այդպես էլ կմնա»,- ասել է Վուչիչը։