Չի կարող լինել անցակետ, որը վերահսկեն ադրբեջանցիները․ Արցախի ԱԺ պատգամավորները՝ խաղաղապահների հրամանատարին (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:
Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել նման սադրանքները կանխելու եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:
«Չի կարող այնտեղ լինել որեւէ անցակետ, միջանցքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք ասել ենք, որ դա անընդունելի է եւ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: