Վարչապետ, Պաշտպանության նախարար, անջատվեք տոնածառի լույսերից և լուծեք զոհված զինծառայողի ընտանիքի հարցը կամ գետինը մտնեք. Աղվան Վարդանյան
Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու, խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Վահան Հակոբյանի ընտանիքը կանգնել է խնդիրների առաջ։
«Սա այն դեպքն է, երբ կոնկրետ մարդու հարցերով պետությունը չի զբաղվում, սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը։ Պայմանագրային զինծառայող Վահան Հակոբյանի ընտանիքը բյուրոկրատական քաշքշուկի պատճառով չի կարողանում ստանալ զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը։ Վարչապե՛տ, Պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվե՛ք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, պոկե՛ք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացե՛ք այդ տուն, խոնարհվե՛ք նրանց առաջ և լուծե՛ք այս հարցը, կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»,- ասաց Աղվան Վարդանյանը։