Սեփական քաղաքացիների անվտանգությունն այնքան կարևոր չէ, որքան Մանկական Եվրատեսիլը. քաղաքագետ
Ավելի քան երկու օր է անցել սադրանքից, որն իր առջև նպատակ էր դրել փակել Հայաստանի և Արցախի միջև Լաչինի միջանցքի հաղորդակցության միակ ճանապարհը։ Դրան հաջորդել է ադրբեջանցի զինվորականների հարձակումը երիտասարդ տղաների վրա։ Տելեգրամի իր էջում գրել է քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Նախ, Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը չհայտարարեց այդ սադրանքի դեմ իր բողոքի մասին։ Այսպիսով, լռությունը վկայում է այն մասին, որ այս խնդիրը չի վերաբերում Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Թեև Երևանի ստորագրությունը դրված է եռակողմ հայտարարության տակ։ Այսինքն՝ դե ֆակտո ղեկավարությունն ամբողջությամբ իր վրայից հանում է տեղի ունեցածի պատասխանատվությունը և չի հանդիսանում ինչպես ստանձնած պարտավորությունների կատարման, այնպես էլ տվյալ միջանցքից օգտվող իր քաղաքացիների անվտանգության ապահովման երաշխավորը։
Երկրորդ՝ Երևանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել միջանցքի ապաշրջափակման և ապագայում նման սցենարի կրկնությունը թույլ չտալու ուղղությամբ։ Ավելին, բացակայում են իրենց քաղաքացիների անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները, Օրինակ՝ միջանցքի մոտ զորավարժությունների անցկացումը։
Այսպիսով, Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը հաստատում է, որ միջանցքի անվտանգությունը, ինչպես նաև այն քաղաքացիների անվտանգությունը, որոնք տեղաշարժվում են միջանցքով, Ադրբեջանի ներքին գործն է։
Ստացվում է, որ սեփական քաղաքացիների անվտանգությունն այնքան կարևոր չէ, որքան Մանկական Եվրատեսիլը»,- գրել է Մելքոնյանը։