Երբ մենք ապրում էինք, ու դուք ծնված չէիք, չեք հիշի՝ նման դեպքեր լինում էին․ արտառոց ոչինչ չկա․ Աղազարյանը՝ ադրբեջանցիների ճանապարհ փակելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հավատում, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակած ադրբեջանցիները բնապահպաններ են կամ որևէ կապ ունեն բնապահպանության հետ։
Նրա դիտարկմամբ՝ ճանապարհը փակելն ունի 2 նպատակ․ անհարմարություն ստեղծեն Արցախ մեկնող հայրենակիցների համար և հայաթափեն Արցախը։
«Մինչև չգա էն պահը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը լուծվի, այդ միջադեպերը լինելու են»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նա հիշում է, որ նման դեպքեր միշտ էլ եղել են։
«Էն ժամանակ էլ, երբ մենք ապրում էինք, ու դուք ծնված չէիք, չեք հիշի, ես գնում էի Արցախի իմ ընկերների տուն, նման դեպքեր լինում էին։ Հարևանությամբ ապրում էին, բայց կոնֆլիկտներ լինում էին։ Հիմա մի քիչ տաքացած վիճակ է, բայց միշտ էլ եղել է։ Չպետք է մտածել, որ արտառոց բան տեղի ունեցավ»,- ասաց Աղազարյանը։