Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen Golf»-ը․ կա 4 զոհ, 2 վիրավոր․ մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ 3 քաղաքացու դիերը: Օպերատիվ են գործել նաև «Մարտունու» հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունու» ԲԿ։ Դեպքի վայում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։
Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվ են գործել «Մարտունու» ԲԿ դիատար հերթապահ խումբը ովքեր մահացածների մարմինները հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան պարկերով տեղափոխեցին դիահատարան։
Կայքի տեղեկություներով մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են։