Անի համայնքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և արտահերթ ընտրություններ կնշանակվեն
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում վաղը՝ նոյեմբերի 25-ին, 6-րդ անգամ քվորում չլինելու պատճառով չի կայանա նորընտիր ավագանու առաջին նիստը: Սա նշանակում է, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի ավագանու լիազորությունները և վարչապետը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Անիում տապալվել է համայնքապետի ընտրության օրակարգով նիստը և նշանակվել վաղը, բայց վաղն էլ տեղի չի ունենա այդ նիստը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» խմբակցությունները ինչպես նախորդ հինգ անգամները, այնպես էլ վաղը չեն ներկայանա նիստին։
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքական երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Իսկ մինչև համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը՝ Անի համայնքի ղեկավարի պարտականությունները կկատարի համայնքապետի տեղակալը։