Պուտինի շարժառիթները պարզ են. ամերիկացի դիվանագետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրամայելով զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային, մտադիր է գետնին հավասարեցնել այս երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Պուտինի շարժառիթները պարզ են։ Նա որոշեց, որ եթե չկարողանա բռնությամբ գրավել Ուկրաինան, ապա կփորձի սառեցնել այն։ Եթե նրան հաջողվի, միլիոնավոր ուկրաինացիներ ձմռան ցուրտ ամիսներին կմնան առանց էլեկտրականության, առանց ջրի, առանց ջեռուցման։ Բնակչության էլ ավելի մեծ մասը ստիպված կլինի լքել իր տները»,- ասել է ամերիկացի դիվանագետը, որին մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:
Թոմաս Գրինֆիլդը նշել է, որ Մոսկվան անմարդկային ռազմավարություն է կիրառում։ «Սա հարձակում է կարևոր ենթակառուցվածքների վրա, սա Ռուսաստանի առանց այն էլ դաժան և չարդարացված պատերազմի ամոթալի էսկալացիա է։ Ռուսաստանի Դաշնության կողմից հրթիռային հարձակումները նույնպես վտանգի են ենթարկում ատոմակայաններին»,- ընդգծել է մշտական ներկայացուցիչը։