Ավետիսյանների մասին Մալախովի հատուկ թողարկումը հօդս ցնդեց
Մեկ տարի առաջ, հունվարի 19-ին չեղյալ հայտարարվեց ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի Գյումրու ողբերգության մասին հաղորդման նկարահանումը:
Հիշեցնենք, երբ Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանդի ենթարկեց Ավետիսյաններին, ընտանիքի փոքրիկը` Սերյոժան, դեռ պայքարում էր մահվան դեմ:
Ոչ տեղի ունեցածը, և ոչ էլ վեց ամսական փոքրիկի վիճակը անտարբեր չթողեց ոչ ոքի: ОРТ հեռուստաընկերության «Пусть говорят» հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Մալախովը ժամանեց Երևան: Նա եղավ հիվանդանոցում և տեսակցեց երեխային, ապա գնաց Գյումրի:
Հունվարի 18-ին նա նկարահանող խմբով Գյումրիում էր:
Անդրեյ Մալախովը ծանոթացել էր դեպքի մանրամասներին: Նա եղել էր Գյումրու Մյասնիկյան փողոցում, որտեղ տեղի էր ունեցել սպանդը, զրուցել Ավետիսյանների հարևանների հետ ու առաջարկել էր նրանցից ոմանց 3 օրով իր հեռուստաալիքի ֆինանսավորմամբ տանել Մոսկվա՝ այս սպանության մասին պատրաստվող հատուկ թողարկմանը մասնակից դառնալու համար, որը թողարկվելու էր «Пусть говорят» հաղորդաշարում:
Հենց այդ օրը` հունվարի 18-ի երեկոյան, Սերյոժայի առողջական վիճակը կտրուկ վատացավ, իսկ հունվարի 19-ին` ժամը 17:02-ին երեխան մահացավ:
Այդ օրը նաև պարզ դարձավ, որ Անդրեյ Մալախովը Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին հատուկ թողարկում չի անի:
Քանի որ արդեն իսկ նկարահանվել էին որոշ կադրեր, նա դրանք օգտագործեց որպես լուր` «новости» հաղորդաշարում և դրանով հատուկ թողարկման մասին խոստումը հօդս ցնդեց և այլևս այս թեման չբարձրացվեց: