Դա դեռ միայն սկիզբն է. Էրդողանը՝ Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացրած գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում թուրքական զինված ուժերի գործողությունները «միայն սկիզբն են», և որ Անկարան հաստատակամ է սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ Անկարան կիրակի օրը օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի գիշերը հայտարարել է, որ «Սիրիայում և Իրաքում իրականացված գործողության արդյունքում 184 գրոհային է ոչնչացվել»:
«Մեր սկսված գործողությունները մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են»,- ասել է Էրդողանը՝ իշխող կուսակցության նիստում։