ՀԱՊԿ երկրներն ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Հայաստանին օգնության մասին որոշման նախագծի շուրջ
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ երկրները համաձայնեցրել են Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է Զասը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: Համատեղ արձագանքման կենտրոնին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։