Դավութօղլուն Լոնդոնում տհաճ անակնկալ է ունեցել
Մեծ Բրիտանիայի հետ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով երեկ Լոնդոն մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տհաճ անակնկալ է ունեցել, այս մասին հաղորդում է թուրքական demokrathaber.net կայքը:
Ահմեդ Դավութօղլուն Մեծ Բրիտանիայի կառավարության շենք մտնելու ժամանակ հանդիպել է ազգությամբ քուրդ ցուցարարների բողոքի ակցիային: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին, 5 հոգի ձերբակալվել է, սակայն չի հաջողվել վերջնականապես ցրել բողոքի ակցիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն չի ցանկացել կառավարության շենքի դիմացի դռնից դուրս գալ և հետին մուտքով է հեռացել շենքից:
Ցուցարարները բողոքում էին Թուրքիայի արևելյան շրջաններում իշխանությունների իրականացրած քրդահալած գործողությունների դեմ: