3 հետաքրքրիր փաստ՝ Մարշալ Բաղրամյանի մասին
Նոյեմբերի 20-ին հայազգի մեծ զորավար Մարշալ Բաղրամյանը ծննդյան օրն ա։ Նա ծնվել է 1897թ-ին (որոշ աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի 2-ին) Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում:
Մարշալ Բաղրամյանի անձնական իրերն ու աշխատասենյակի կահույքը պահվում են Երևանի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում:
NEWSPRESS.am-ը ներկայացնում է 3 հետաքրքիր փաստ՝ Մարշալ Բաղրամյանի մասին։
1․ Բաղրամյանն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել մի կնոջ: Նա սիրահարվել է Թամարա Հմայակովնային, երբ դեռ 20 տարեկան էլ չի եղել, բայց պարզվել է, որ նա արդեն նշանված է: Սիրահարները բաժանվել են առանց ապագայի հույսերի: Ճակատագրի բերումով նրանք կրկին հանդիպել են: Թամարայի ամուսինը մահացել է ռազմաճակատում: Երբ Հովհաննեսն իմացել է այդ մասին, գնացել է գյուղ և տեսել սիրելիին, որը եղել է հղիության վերջին ամսում: Հովհաննեսն ու Թամարան ամուսնացել են, ծնված երեխային անվանել են Մովսես, ու Բաղրամյանը նրան իր որդին է համարել:
2․Մարշալ Բաղրամյանը ֆուտբոլ շատ էր սիրում, «Արարատ» թիմի մեծ երկրագուն էր: Մարշալի թոռը հիշում է, որ պապն ազատ ժամանակն անցկացնում էր ձիարշավարանում: Բաղրամյանը հաճախ էր թոռան հետ գնում ձիարշավարան կամ մարզադաշտ:
3․ 1977թ-ին մարշալը հաղթել է սեփական մահվանը: Ծանր հիվանդության պատճառով նա դադարել էր քայլել և ճանաչել հարազատներին, չէր կարողանում կապակցված խոսել: Բայց բոլորի, այդ թվում բժիշկների համար անսպասելի կերպով հիշողությունը վերադարձել է, խոսքը՝ վերականգնվել, և նա սկսել է քայլել: Ապրել է ևս հինգ տարի, աշխատել է, հուշեր գրել:
Հայազգի զորավարը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում:
Նա պատմության մեջ մնացել է որպես ռազմական գործիչ, որը մեծ ներդրում է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի գործում։