Ծնելիությունը նվազում է, արտագաղթը՝ մեծանում․ պատգամավոր
Իշխանությունները հույսը դրել են ռուս-ուկրաինական պատերազմի վրա, որի հետևանքներով ձևավորված տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և պարզաբանեց, որ դա ժամանակավոր արտաքին գործոն է, որն իր մեջ մեծ ռիսկայնություն ունի։
«Այսինքն, մեր տնտեսությունն աճում է, 14 տոկոս տնտեսական ակտիվություն կա, դրա հենքի վրա իրենք պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն՝ շատ լավ իմանալով, որ մեծ է ռիսկը, որ նման տնտեսական ակտիվություն չլինի։ Դրա համար էլ այդպես վախվորած, շատ քիչ չափերով ոչ համարժեք գնաճին որոշակի աճեր են նախատեսում հաջորդ տարվա համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է ժողովրդագրական խնդիրներին, ապա պատգամավորը նկատում է, որ դրանք գնալով խորանում են՝ ծնելիությունը նվազում է, արտագաղթը մեծանում։
«Ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը որևէ կերպ չեն բարելավվել այս ընթացքում ու դրա փոխարեն որոշակի ծրագրեր են բերել, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ, չնայած տևական ժամանակ իրականացվում են, և ցուցանիշները գնալով վատանում են»,- ասաց նա։