Լարսում հայկական բեռներով 1600 մեքենա կա, ռուսների հետ բանակցում ենք, որպեսզի թողունակությունը բարձրացնենք. Քերոբյան
Լարսի հետ կապված խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ռուսաստանում՝ Ղրիմի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարբերի ստուգման ռեժիմները՝ Լարսի անցակետի ռուսական հատվածում: Այդ պահից սկսած մինչև հիմա Հայաստանից դուրս եկած և հայկական բեռների՝ Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը մոտ 1600 մեքենա է: Մենք կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով բարձած մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ թողունակության ծավալն այս պահին վերականգնված է, սակայն հաշվի առնելով հերթի չափը՝ այն այսօր 10 օրական է: Բայց նաև կան մեքենաներ, որոնք ավելի երկար են կանգնած:
«Շփվելով մեր ռուս գործընկերների հետ, փորձում ենք թողունակությունը մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ՝ երեկոյան ժամը 10-ին: Այսօր կրկին խորհրդակցություն ենք ունենալու, որպեսզի հասկանանք, թե ոնց պետք է հնարավորին արագ վերականգնենք: Հիմա որոշ խնդիրներնունենք արագ փչացող բեռների հետ և կրկին հայկական որոշ արտադրողներ, ունեն խնդիրներ և վնասներ են կրել: Դա մեզ շատ անհանգստացնում է»,-նշեց Քերոբյանը: