Քաղաքական գործիչներ կան, որոնց թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ չծառայեն. Պապիկյան (տեասնյութ)
Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ՔՊ-ական Շիրակ Թորոսյանն առաջարկեց վերանայել օրենքի այն կետը, որի համաձայն այն քաղաքացիները, ովքեր անչափահաս տարիքում Հայաստանում ընդունում են երկրորդ քաղաքացիություն, բայց չեն ապրել Հայաստանում, այլ իրենց քաղաքացիության երկրում, այնտեղ կատարել են ծառայության պարտավորությունը, նրանց ազատել նորից ՀՀ-ում ծառայելու պարտավորությունից։
Արձագանքելով պատգամավորին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, թե ապագայում կանդրադառնան օրենքի այն փոփոխությանը։
«Այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցել ենք։ Սա արդիական խնդիր է, սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։ Ունենք քաղաքական գործիչներ, որոնց զավակները կամ թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ քաղաքացիություն ստանան և ՀՀ-ում ծառայությունից ազատվեն»,- նշեց Պապիկյանը։
Նա ասաց, որ հասկանում է՝ Շիրակ Թորոսյանի ասածը վերաբերում է ջավախահայությանը, ովքեր Վրաստանում ծառայություն են անցել, ունեն զինվորական գրքույկ, բայց քանի որ երկքաղաքացի են, դարձել են նաև Հայաստանի քաղաքացի, իրենք դառնում են զինապարտ։
«Այստեղ բազում խութեր կան։ Պատրաստ ենք քննարկել, բայց խորքային քննարկում պետք է լինի, չենք կարող առանձնացնել մի խումբ, բայց մի կողմ դնել ռուսաստաբնակ, ամերիկաբնակ հայությանը»,- ասաց Պապիկյանը։