Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները նշել են փոխադարձ երկխոսության անհրաժեշտությունը
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բայրամովն ու Աբդոլլահյանը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Կողմերը նշել են երկու երկրների հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակի, հասարակական հռետորաբանության և առկա այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը փոխադարձ երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում։ Այս առումով նշվել է արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և նշել շփումների շարունակականության կարևորությունը։