Բալիում սկսվել են Սի Ցզինպինի և Բայդենի միջև բանակցությունները
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հանդիպել են Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովից առաջ։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահը նշել է այն պատասխանատվությունը, որը կրում են առաջնորդները՝ ցույց տալու, որ Պեկինը և Վաշինգտոնը կարող են հաղթահարել իրենց տարաձայնությունները։
«Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ, եթե նա դա ցանկանա»,- հավելել է քաղաքական գործիչը։
Բայդենն ընդգծել է, որ աշխարհն ակնկալում է, որ երկու երկրներն առանցքային դեր կխաղան գլոբալ մարտահրավերների, այդ թվում՝ գլոբալ տաքացման և պարենային ճգնաժամի լուծման գործում։
Իր հերթին Սի Ցզինպինը մատնանշել է բոլոր երկրների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ խաղաղության հույս և համաշխարհային կայունության նկատմամբ վստահություն բերելու համար։