ԱՄՆ-ը կողմ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին
Միացյալ Նահանգները հույս ունի ապագայում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել, սակայն ընդգծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է սահմանի պայմանները։
Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը։
«Մոսկվան, եթե ցանկանա, վաղը կարող է վերջ դնել հակամարտությանը: Մենք անհամբեր սպասում ենք ապագայում բանակցային գործընթացին։ Մեր նախագահը պարզապես ասաց, որ այս պատերազմը պետք է ավարտվի համաձայնության գալով, բայց մենք ցանկանում ենք, որ նախագահ Զելենսկու իրավասությունը լինի որոշելու պայմանները, որոնց դեպքում նա նստելու է բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա։
Դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինվորականները ամենօրյա կապի մեջ են Ուկրաինայի ռազմական հրամանատարության հետ։