Այսօր մենք դեռ մեր հայրենի հողերում ենք՝ ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ ռազմական հանցագործ Ալիևի հոխորտանքները՝ Սամարղանդում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձել է մոլորեցնել համաշխարհային հանրությանը, արդարացնել իր սանձազերծած ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:
Նա հոխորտացել է, թե Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից երկու տարի անց Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել սահմանին։ Նա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում գործելը բարդել է հենց Հայաստանի վրա:
«Սեպտեմբերին Ադրբեջանի Զինված ուժերը ստիպված եղան սկսել վճռական հակահարձակողական գործողություն՝ կանխելու Հայաստանի կողմից ռազմական սադրանքը»,- Սամարղանդում հոխորտացել է Ալիևը՝ Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
«Համաշխարհային հանրությանը շփոթեցնելու համար Հայաստանն անարդարացիորեն փորձում է Ադրբեջանին մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք այս անհիմն պնդումները։ Մենք կռվեցինք մեր հողերում, ջախջախեցինք հայոց բանակը և վտարեցինք մեր պապենական հողերից։ Այսօր մենք դեռ մեր հայրենի հողերում ենք՝ ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված համատեղ հռչակագրերով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մտել է պատմության գիրկը»,- նշել է սեփական երկրի պատմությունը հորինող Ալիևը՝ չհստակեցնելով, թե հատկապես այդ երբ են, օրինակ, Ջերմուկի բարձունքները եղել Ադրբեջանինը: