44-օրյա պատերազմը բոլոր առումներով անարդար և չկազմակերպված էր․ Արցախի թեմի առաջնորդ
Պատերազմի ավարտից երկու տարի անց որևէ գիտակից հայ չի համակերպվում, որ ինքը ոչ միայն պարտվել է, այլ նաև, որ այդ ամենը եղել է անարդար կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Առաջին անգամը չէր, որ մենք պատերազմական գործողություն էինք տեսնում։ Բայց սա բոլոր առումներով անարդար և չկազմակերպված պատերազմ էր, որի ամբողջ իմաստը կորսված է։ «Քաջերը քաջերի դեմ ելան, երկու կողմն էլ պարտություն կրեց» արտահայտությունն այս պատերազմի մասին չէր, մեր դիմաց քաջեր չէին, այստեղ կազմակերպված ծուղակ էր, և մենք արձանագրեցինք այս խայտառակ պարտությունը»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Ըստ նրա՝ անգնահատելի և անկշռելի է այն հոգևոր արժեքը, որն այժմ ոչնչացնում է Ադրբեջանը։
«Մշակութային եղեռն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման ծանրակշիռ կազմակերպությունն ուղղակի չի արձագանքում, այդ նույն կազմակերպությունն այսօր մշակութային բարձր արժեքների մասին է խոսում»,- նկատեց եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ չնայած կրած ծանր կորուստներին, մարդիկ կարող են վստահություն ունենալ իրենց վաղվա օրվա նկատմամբ, եթե արդարության նշույլներ տեսնեն քաղաքականության մեջ։
«Եթե դա չկա, հիասթափությունը և խուճապն առաջնահերթություն են դառնում։ Բայց եթե դրանք առկա են, մարդիկ ամուր կառչում են իրենց հողից և ոգին դառնում է անպարտելի։ Մենք վեհափառի օրհնությամբ մեր հովվական ծառայության մեջ ժողովրդին փորձում ենք ասել, որ ամեն ինչ վերջացած չէ, արցախցին պետք է շարունակի ապրել։ Արցախի քաղաքական ուժերը ևս այս քաղաքականությամբ են շարժվում, որ յուրաքանչյուրս ջանք պետք է գործադրի, որ արցախցին մնա։ Միաժամանակ պետք է Հայաստանի և Սփյուռքի այցելություններն Արցախ ավելի մեծացնել, որովհետեւ գնալ-գալով Արցախը կապրի»։
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվել են։ Սեպտեմբերին և հոկտեմբերին երկու խումբ այցելել է Դադիվանք: