Փաշինյանը երկրագնդի վրա փրկում է երկու բան՝ իր կաշին և իր կաշվից աթոռը, մնացած բոլորիդ «փուռն է տալու». Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
Արտերկրում հանդիպումների ընթացքում միջազգային գործընկերներն ասում են՝ Հայաստանի իշխանություններն ինչ մեզանից ուզում են, դրա շուրջ էլ բանակցում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ընդմիջմանը:
Նա պատմեց, որ հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային գործընկերներից մեկը պարզ հարց է տվել նրանց, որ եթե դուք զատում եք հայ-ադրբեջանական հարաբերությունները և արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքները:
«Սա հասկանում են անգամ միջազգային գործընկերները և զարմանում են՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը, հիմնական բանակցողն ի սկզբանե, նման ցածր նշաձող դնել»,-ասաց Մամիջանյանը:
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանի, իր որակմամբ, «նեղ շրջապատին». «Հպարտանում եք, որ Փաշինյանի հետ մեսիջներում նույն չատում եք, ձեզ համարում եք անձեռնմխելի, բայց Նիկոլ Փաշինյանը երկրագնդի վրա փրկում է երկու բան՝ իր կաշին և իր կաշվից աթոեը, մնացած բոլորիդ «փուռն է տալու»: Բոլորը ինչ-որ փուլում մեղավոր են նշանակվելու և քավության նոխազ են դառնալու: Ոչ մեկդ անձեռնմխելի չեք, Նիկոլ Փաշինյանն իրեն փրկելու համար նոր մեղավորներ է նշանակելու, սա ընդամենը ժամանակի հարց է»,-ասաց Մամիջանյանը: