Երբևէ զանգեր չեմ ստացել պաշտոնյաներից. դատավոր Ստեփանյանն իրեն կաշկանդված ու ճնշված չի զգում
Դատավորների միության փոխնախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը վստահեցնում է՝ դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում, դիմություն-ընդդիմություն չկա:
«Մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք»,- ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Դիտարկմանը, թե վերջին շրջանում շատ է խոսվում, որ դատավորները կաշկանդված են, ուղիղ միջամտություն կա իշխանության կողմից հատկապես այն գործերի դեպքում, որոնք քաղաքական ուղղվածություն ունեն, Արթուր Ստեփանյանն ասաց. «Ես երբևէ զանգեր չեմ ստացել պաշտոնյաներից: Կարող եմ միայն իմ մասով ասել՝ չունեմ կաշկանդվածություն, ինձ ճնշված չեմ զգում»:
Հարցին՝ նախորդ իշխանության ժամանակվանից խոսվում է դատական համակարգի կոռումպացված լինելու մասին, որ դատական համակարգի վրա քաղաքական ճնշումներ կան, ձեր պրակտիկայում երբևէ տեսե՞լ եք, լսե՞լ եք, առնչվե՞լ եք, զգացե՞լ եք, որ կա քաղաքական միջամտության որոշակի դրսևորում, դատավորն ասաց. «Ես չեմ տեսել, ես չեմ լսել, մամուլում կարդացել եմ»։
Լրագրողի ճշտող հարցին` մամուլը ինչ գրում է, ճի՞շտ է գրում, նա արձագանքեց. «Ես հարգում եմ մեր մամուլը»։
Նա նաև ասաց, որ Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու գրառմանը, իսկ թե ինչ է պատրաստվում անել միությունը՝ այս պահին չի բարձրաձայնի մինչև որոշում չկայացվի։