Այս տարի ունեցել ենք գինեմետ խաղողի սորտերի լուրջ դեֆիցիտ և տեխնիկական սորտի խաղողի մթերման խնդիրներ․ Քերոբյան (տեսանյութ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023թ․ պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներին՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է այն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ:
Քերոբյանի խոսքով Կառավարության 2021-26 թթ. ծրագրով՝ պետք է հասցնել 1.4 տրիլիոն դրամի: Այդ առումով, կառավարությունը համապատասխան փոփոխություններ կմտցնի միջոցառումների ծրագրի մեջ։
Անդրադառնալով գյուղմթերքի արտահանմանը, Քերոբյանը նշեց, որ 2022 թվականի 9 ամիսների տվյալներով՝ կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028-ի պլանավորած ցուցանիշը:
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին շարունակվելու է խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը:
«Կառավարությունը միայն գինեմետ սորտի խաղողի ինտենսիվ այգիների տնկումն է սուբսիդավորելու, որը նպատակ ունի ուղղորդում իրականացնել և գյուղացիներին ուղղել դեպի գինեմետ խաղողի սորտեր, հաշվի առնելով, որ այս տարի ունեցել ենք գինեմետ խաղողի սորտերի լուրջ դեֆիցիտ և ինչպես միշտ ունեցել ենք տեխնիկական սորտի խաղողի մթերման խնդիրներ»,-նշեց նախարարը։
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար նախատեսվում է հատկացնել 3.5 մլրդ դրամ։