Երևանում ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված 22-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրանտ Պետրոսյանի, ավագ քննիչ Դ․ Դանիելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։