Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն շուտով «կազատագրի» Իրանը. Ռաիսին պատասխանել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իրանը շուտով «ազատագրելու» մտադրության մասին, գրում է Bloomberg-ը։
Ելույթ ունենալով Կալիֆորնիայում՝ Սպիտակ տան ղեկավարը խոսել է ամերիկացի վետերանների համար առողջապահական հասանելիության իրավիճակի մասին, սակայն այնուհետև անցել է իրանական թեմային՝ արձագանքելով հանդիսատեսներից մեկի՝ այս հարցի մասին խոսելու կոչին։
«Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը»,- ասել է Բայդենը։
Միաժամանակ նա անմիջապես ավելացրել է, որ «շատ շուտով իրենք իրենց կազատեն»։
Ամերիկացի առաջնորդը մանրամասներ չի հայտնել, սակայն ներկաները նրա խոսքերին արձագանքել են հավանության բացականչություններով։
Ավելի ուշ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության կողմնակիցների առաջ, ասել է, որ երկիրն ազատագրվել է 43 տարի առաջ և մտադիր չէ կրկին «Վաշինգտոնին գերի ընկել»։