Հո սա բռնցքամա՞րտ չի, որ Լուկաշենկոյին կոշտ պատասխան լինի․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ միջանցքում լրագրողները հետաքրքրվեցին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, թե ինչու չի հրապարակվել Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների վերջին նիստի ժամանակ։
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ հանդիպումը փակ էր։
Լրագրողի դիտարկմանը, որ չնայած հանդիպումը փակ էր, բայց դա չխանգարեց, որ հրապարակվի Լուկաշենկոյի կոշտ ելույթը, Արայիկ Հարությունյանը նկատեց, թե իրենք են որոշում, թե ինչ հրապարակեն և որքան։
Հարցին, թե հիմա հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է՝ Հարությունյանն արձագանքեց. «Համարժեք կոշտ պատասխան. հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ ու փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական խաղ էր անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։
«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», - ասել էր Բելառուսի նախագահը: