Ազատամարտիկները գուցե դիմեն Սերժ Սարգսյանին
Նոյեմբերի 25-ին Հայաստանում վնասազերծված խմբի գործով ձերբակալվածներից 5-ը ազատամարտիկներ են ՝ Խաչիկ Ավետիսյանը, Աղասի Մարտիրոսյանը, Էդուարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Վլադիմիր Առաքելյանը: Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամվելը նշել էր, որ կալանավորված ընկերների խնդրով դիմելու են Սերժ Սարգսյանին:
Newspress.am-ի հետ զրույցում Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին Սերժ Սարգսյանին դիմելու որոշումը հստակեցված չէ, դա ընդամենը Սամվել Հովսեփյանի առաջարկն է:
«Սերժ Սարգսյանին դիմելու հարցը ազատամարտիկներով կքննարկենք և կորոշենք` արժե դիմել, թե ոչ: Եթե դիմենք ապա՝ բաց նամակով»,- մանրամասնեց նա:
Ռազմիկ Պետրոսյանը ասաց, որ ազտամարտիկները մտահոգված են կալանավորված ընկերների առողջական վիճակով, նրանց առողջական վիճակը նաև իշխանություններին պետք է անհանգստացնի:
«Տղաները լուրջ ճանապարհ անցած մարդիկ են, ազգի, պետականության դեմ ոչինչ չէին ձեռնարկի, պատերազմը ավարտված չէ, այսպիսի մարդիկ հայրենիքին պետք են»,- հավելեց նա:
Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ կալանավորված ազատամարտիկները իշխանության ներսում եղած որոշ անձանց նման մարտի դաշտից փախուստի դիմող չեն: