Փաշինյանն ինքն է հանել զորքը Արցախից, մի հատ էլ ՔՊ-ն ռուսների վրա մուննաթ է գալիս, թե՝ լավ չեն անում իրենց գործը․ Արթուր Խաչատրյան
Այն փաստաթուղթը, որը Փաշինյանն ինքն է իր ձեռքով ստորագրել, պետք է լինի եռակողմ համաձայնություն՝ ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգման հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը և համատեղ հայտարարությանը։
Խաչատրյանի դիտարկմամբ, այդ հայտարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանը ևս մեկ միջազգային ասպարեզում չկարողացավ առաջ տանել Հայաստանի իրավունքները։
«Խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը մեր շահերից է բխում, ինքներս ենք հասկանում, եթե խաղաղապահ ուժերը նոյեմբերի 9-ին չմտնեին Արցախ, ապա նոյեմբերի 10-ին Արցախում այլևս հայ չէր մնա»,- ասաց պատգամավորը։
Նրա համար նաև անհասկանալի է ՔՊ-ականների դիրքորոշումը՝ կապված ռուս խաղաղապահների գործառույթի հետ։
«Անհասկանալի են մուննաթները, թե խաղաղապահներն իրենց գործը լավ չեն անում: Չկա որևէ փաստաթուղթ, որը պարտադրեր Հայաստանին հանել իր զինված ուժերը Արցախից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է: Չգիտեմ՝ դա արվել է կամավո՞ր, թե՞ պարտադրանքով, բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական զինված ուժերն Արցախից՝ առանց որևէ միջագային փաստաթուղթ ստորագրելու։ Իրենք հանել են զորքը, մի հատ էլ ռուսների վա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։