Իրանն ու Գազպրոմը 6,5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել
Իրանը և ռուսական «Գազպրոմը» 6,5 միլիարդ դոլարի մի քանի պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պայմանագրերը 40 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի մի մասն են կազմում, որի շուրջ երկրները համաձայնության են եկել 2022 թվականի ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ։
Ավելի վաղ կողմերը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանին իրանական արտադրության 40 գազային տուրբինների մատակարարման վերաբերյալ։ Գործարքի արժեքը չի բացահայտվել, սակայն փորձագետները նշել են, որ սա տեխնոլոգիական ոլորտում Իրանի նորագույն պատմության մեջ ամենամեծ արտահանման գործարքն է։