Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մի անգամ վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իրենց մղումը. Սաղաթելյան
Այն օրակարգը, որը դրված է սեղանին՝ երբեք չի կարող սպառված լինել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը՝ կապված ԼԴՀ հիմնախնդրի կարգավորման հետ։
«Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս շատ ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները»,- ասաց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում են տարանջատվել իրարից, բայց այն գաղափարախոսությունն ու այն տեսակետը, քայլերն ու գործողությունները, որոնք անում են, մեկ անգամ ևս փաստեցին, որ նրանք նույն գաղափարախոսությամբ են առաջնորդվում։
Հարցին՝ նախկին նախագահներ-Ամենայն Հայոց Կաթողիկոս նոր հանդիպում սպասվո՞ւմ է, Սաղաթելյանը պատասխանեց. «Ֆորմատը, որի մասին հայտարարել ենք, այդ ֆորմատից առնվազն մինչև հիմա դեռ ակնկալիքներ կան ու դա շատ բնական է։ Ինչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում տեղի կունենա, ինչ արդյունքներ կարձանագրի, այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքներ կան, ու դա շատ բնական է»,- ասաց նա։