Ադրբեջանը պատասխան է սպասում Հայաստանից. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ադրբեջանցի լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Ինչպես գիտեք, այս ամսվա սկզբին Ժնևում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը խաղաղության պայմանագրի հարցով։ Այս հանդիպմանը ադրբեջանական կողմը հակառակ կողմին նախանշել է ապագա խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։ Մենք այս պահին սպասում ենք Հայաստանի նախնական կարծիքին և պատասխանին այս հիմնական տարրերի վերաբերյալ»,- ասել է Մամեդովը:
Նրա խոսքով՝ այս պատասխանի հիման վրա կքննարկվեն հաջորդ հանդիպումները։
Փոխնախարարը հաստատել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի վերջին հայտարարությունը նոյեմբերին սահմանազատման հանձնաժողովի նիստ անցկացնելու վերաբերյալ։
«Նոյեմբերի սկզբին Բրյուսելում կկայանա սահմանազատման հանձնաժողովի նիստը։ Այս հանդիպումից հետո սահմանազատման հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակային հայտարարություն կանի»,- ասել է Մամեդովը։