Բայրամովը ԵՄ ներկայացուցիչներին բողոքել է «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը Բայրամովը խոսել է Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի գործում Ադրբեջանի դերի, մասնավորապես՝ ԵՄ գազի մատակարարումների կրկնապատկման, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։
Խոսելով ներդրումների ոլորտում Ադրբեջանի և ԵՄ համագործակցության մասին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը միշտ հավատարիմ է ստորագրված պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։
Արտգործնախարարը խոսել է նաև Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքում Ադրբեջանի դերի մասին՝ այս առումով ընդգծելով, որ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ NEWSPRESS.am-ի- խմբ.) գործարկման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բախվում են «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։